ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ

1. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1.1. Սույն կանոնադրությունը համարվում է «ՋԻ&ԷԼ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) հիմնադիր փաստաթուղթը, որի դրույթները պարտադիր իրավական ուժ ունեն Ընկերության մասնակիցների և Ընկերության գործադիր մարմինների համար:
1.2. Սույն կանոնադրությամբ մեծատառով օգտագործված բոլոր եզրույթներն ունեն այստեղ իրենց համար սահմանված իմաստը:
1.3. Ընկերությունն առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ մասնակիցների պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվով բաժնեմասերի, որոնք բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև:
1.4. Ընկերությունը ստեղծված է համարվում և նրա իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին ներդրումային ընկերությունների գրանցումների մատյանում գրառման) պահից:
1.5. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք), «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, Ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն Կանոնադրությամբ (այսուհետ՝ Կանոնադրություն):
1.6. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանումը պարունակող կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև ֆիրմային այլ ռեկվիզիտներ:
1.7. Ընկերությունը կարող է ունենալ այլ խորհրդանիշ և օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ:
1.8. Ընկերության մասնակիցների և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են Կանոնադրությամբ, Օրենսգրքով, Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.9. Ընկերության ֆիրմային անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
կրճատ՝ «ՋԻ&ԷԼ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ
ռուսերեն լրիվ՝ ОБЩЕСТВО С ОГРАНИЧЕННОЙ ОТВЕТСТВЕННОСТЬЮ “ДЖИ&ЭЛ ИНВЕСТ”
կրճատ՝ ООО “ДЖИ&ЭЛ ИНВЕСТ”
անգլերեն լրիվ՝ Limited Liability Company “G&L INVEST”
կրճատ՝ LLC “G&L INVEST”
1.10. Ընկերության իրավաբանական (փոստային) հասցեն է՝ ՀՀ., ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1 շենք, 2/1, առևտրի և սպասարկման օբյեկտ:
1.11. Ընկերությունը ստեղծվում է անսահմանափակ ժամկետով:

2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

2.1. Ընկերությունը առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է: Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
2.2. Ընկերությունը կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
2.3. Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:
2.4. Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության/ընկերակցության (այդ թվում դուստր և կախյալ ընկերության) հիմնադիր (մասնակից)՝ բացառությամբ Օրենսգրքով, Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

3.1. Ընկերության ստեղծման նպատակն է գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
3.2. Ընկերության գործունեության հիմնական տեսակն է ներդրումային ծառայությունների իրականացումը:
3.3. Ընկերությունը կարող է իրականացնել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ցանկացած գործունեություն:
3.4. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում՝ լիցենզիա ստանալու պահից:
3.5. Ընկերությունն իր գործառնություններն իրականացնում է բացառապես անկանխիկ ձևով:

4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, ԱՅԼ ԿԱՊԻՏԱԼՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐ

4.1. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ձեռք բերած բաժնեմասերի անվանական արժեքից:
4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ, որը բաժանված է 100,000 (հարյուր հազար) անվանական արժեքով 600 բաժնեմասերի: Ընկերության կանոնադրական կապիտալը լրիվ վճարված է և դրա բաժնեմասերը պատկանում են ընկերության մասնակիցներին:
4.3. Ընկերության մասնակիցներն են.
• Գևորգ Հենրիկի Նալբանդյանը
• Լարիսա Հենրիկի Նալբանդյանը
4.4. Ընկերության կանոնադրական կապիտալը մասնակիցների միջև բաշխված է հետևյալ կերպ.
• Գևորգ Հենրիկի Նալբանդյան՝ 30.000.000 ՀՀ դրամ՝ 300 բաժնեմաս՝ 50%
• Լարիսա Հենրիկի Նալբանդյան՝ 30.000.000 ՀՀ դրամ՝ 300 բաժնեմաս՝ 50%
4.5. Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում Կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և ՀՀ կենտրոնական բանկում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից:
4.6. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է մեծացվել Ընկերության գույքի հաշվին կամ մասնակիցների լրացուցիչ ավանդների հաշվին կամ երրորդ անձանց ավանդների հաշվին:
4.7. Ընկերության գույքի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում համապատասխանորեն մեծանում է նաև մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքը՝ անփոփոխ թողնելով դրանց չափը:
4.8. Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը իրականացվում է նրա մասնակիցների լրացուցիչ ավանդների և ընկերություն ընդունվող երրորդ անձանց ավանդների հաշվին:
4.9. Ընկերության մասնակիցներն ունեն սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն մասնակցի բաժնեմասը գնելու նախապատվության իրավունք:
4.10. Ընկերությունը կարող է ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը հետևյալ միջոցներով.
ա) շահույթի մի մասը փոխանցելով կանոնադրական կապիտալ,
բ) մասնակիցների կողմից լրացուցիչ ավանդների ներդրման միջոցով,
գ) երրորդ անձանց կողմից ավանդների ներդրման միջոցով:
4.11. Ընկերությունն իրավունք ունի մասնակիցների ընդհանուր ժողովում որոշում ընդունել կանոնադրական կապիտալը հետևյալ ձևերով նվազեցնելու մասին`
ա) բաժնեմասերի անվանական արժեքի նվազեցմամբ.
բ) Ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման ճանապարհով:
4.12. Հիմնադիրների (մասնակիցների) ավանդների հաշվին ստեղծված, ինչպես նաև Ընկերության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրված և ձեռքբերված գույքն Ընկերությանն են պատկանում սեփականության իրավունքով:
4.13. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով՝ ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով:
4.14. Ընկերությունում ստեղծվում է պահուստային (ապահովագրական) հիմնադրամ՝ կանոնադրական կապիտալի 15%-ի չափով: Այս կապիտալի ձևավորումն իրականացվում է շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով՝ մինչև նախատեսված չափերին հասնելը: Պահուստային հիմնադրամ կատարվող մասհանումների չափը սահմանվում է մաքուր շահույթի 5%-ից ոչ պակաս չափով:
4.15. Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև շահութաբաժինների վճարման, աշխատակիցների բաժնետիրացման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ:

5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

5.1. Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել՝
ա) պարտատոմսեր
բ) «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ արժեթղթեր:

6. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1. Ընկերության մասնակիցները Օրենքի և Ընկերության կանոնադրության համաձայն իրավունք ունեն`
6.1.1. մասնակցել Ընկերության ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
6.1.2. մասնակցել Ընկերության գործերի կառավարմանը.
6.1.3. ստանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.
6.1.4. առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնեմասերը, եթե Օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
6.1.5. ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.
6.1.6. Ընկերության հիմնադիր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.
6.1.7. հանդես գալ առաջարկություններով Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում.
6.1.8. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում քվեարկել իրեն պատկանող բաժնեմասերի ձայների չափով.
6.1.9. հայցով դիմել դատարան` Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.
6.1.10. Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը.
6.1.11. օգտվել Ընկերության կանոնադրությամբ և ՀՀ իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներից:
6.2. Ընկերության մասնակիցները պարտավոր են՝
6.2.1. կանոնադրությամբ սահմանված կարգով, չափերով, եղանակներով և ժամկետներում կատարել դրամական և գույքային ներդրումներ.
6.2.2. չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ.
6.2.3. Իրենց գործողություններով չխոչընդոտել Ընկերության գործունեության բնականոն գործընթացին,
6.2.4. Ընկերության գույքում իր բաժնեմասի իրավունքը գրավ դնելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել Ընկերությանը,
6.2.5. կատարել Կանոնադրությամբ և ՀՀ իրավական ակտերով սահմանաված այլ պարտավորություններ:
6.3. Ընկերության մասնակիցներն ունեն իրենց սեփականությունը հանդիսացող բաժնեմասը օտարելու կամ Օրենքով չարգելված ձևով այլ անձանց փոխանցելու իրավունք: Ընդ որում մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք: Մասնակիցների կողմից իրենց վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չիրականացնելու դեպքում Ընկերությունն ինքն ունի այդ բաժնեմասը սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով ձեռք բերելու նախապատվության իրավունք:
6.4. Մասնակիցների նախապատվության իրավունքի (այլ մասնակցի կողմից վաճառվող բաժնեմասի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է 30 օր: Իսկ Մասնակցի կողմից վաճառվող բաժնեմասի ձեռքբերման Ընկերության նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը սահմանվում է 30 օր:
6.5. Ընկերության նախապատվության իրավունքը չի կիրառվում Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:
6.6. Ընկերության բաժնեմասի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում Ընկերության զուտ ակտիվների մեծությունը: Այդ դեպքում Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ բաժնեմասի արժեքի գնահատումը (կամ Ընկերության զուտ ակտիվների մեծությունը) պետք է հանձնարարվի անկախ գնահատողի (աուդիտորի):
6.7. Մասնակիցները պարտավոր են Ընկերությանը տրամադրել իրենց ծանուցման հասցեները, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեն և համաձայնում են ծանուցվել տրամադրված հասցեով: Ծանուցման հասցեի փոփոխման դեպքում Ընկերությանը չտեղեկացնելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է հասցեի փոփոխման մասին տեղեկությունը չտրամադրած բաժնետերը:

7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1. Ընկերության զուտ շահույթի հիսուն տոկոսը ենթակա է հայտարարման և վճարման որպես շահութաբաժին տեղաբաշխված բաժնեմասերի դիմաց, եթե Ընկերության ընդհանուր ժողովը այլ բան չի որոշել:
7.2. Շահութաբաժինները վճարվում են Ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից: 7.3. Տարեկան շահութաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի տարեկան շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ:
7.4. Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար մասնակիցների ընդհանուր ժողովը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մասնակիցների ռեեստրում` Ընկերության մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովին (այսուհետ` տարեկան ժողով) մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:`
7.5. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել (հայտարարել) շահութաբաժինների վճարման մասին, եթե`
ա) լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը.
բ) շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) հայտանիշներին, կամ դրանք ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով.
գ) Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է Ընկերության կանոնադրական կապիտալից կամ կպակասի շահութաբաժինների վճարման հետևանքով:

8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

8.1. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն (այսուհետ նաև՝ Ժողով) Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
8.2. Ընկերության մասնակիցների ընդհանուր Ժողովի իրավասությանն են պատկանում`
8.2.1. Ընկերության կանոնադրության հաստատումը, Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.
8.2.2. Ընկերության վերակազմակերպումը.
8.2.3. Ընկերության լուծարումը.
8.2.4. Ընկերության լուծարային հանձնաժողովի նշանակումը, ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը,
8.2.5. ՀՀ օրենսդրությամբ Ընկերության ընդհանուր կապիտալի և/կամ կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նկատմամբ պահանջների փոփոխման դեպքում, մինչև համապատասխան պահանջների բավարարումը դրա լրացման վերաբերյալ հարցը, ինչի մասին որոշումը ընդհանուր ժողովը ընդունում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ.
8.2.6. Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունումը:
8.2.7. կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.
8.2.8. Ընկերության գործադիր մարմնի (միանձնյա կամ կոլեգիալ) ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
8.2.9. Ընկերության ներքին աուդիտի անկախ ստորաբաժանման անդամի (անդամների) ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
8.2.10. Ընկերության ներքին վերահսկողության անկախ ստորաբաժանման անդամի (անդամների) ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
8.2.11. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը:
8.2.12. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ տիրապետման կամ օգտագործման կամ օտարման վերաբերյալ գործարքների, այլ իրային իրավունքների վերաբերյալ գործարքների կնքումը, փոփոխությունը և դադարեցումը;
8.2.13. Ընկերության գույքը այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնելու, ներառյալ գրավադրման վերաբերյալ գործարքների կնքումը, փոփոխումը և դադարեցումը;
8.2.14. Երաշխավորության կամ համանման իրավական հետևանքներ առաջացնող գործարքների կնքումը, փոփոխումը և դադարեցումը:
8.2.15. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի վարման կարգը.
8.2.16. հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.
8.2.17. Ընկերության կողմից մասնակիցներին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ` զանգվածային լրատվության համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով.
8.2.18. գործարքների կնքման մասին որոշման ընդունումը` Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.
8.2.19. գործարքների կնքման մասին որոշման ընդունումը` Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.
8.2.20. Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց (գլխավոր տնօրենի, տնօրենի կամ վարչության, տնօրինության անդամի, ներքին աուդիտի ղեկավարի, ներքին վերահսկողության մարմնի ղեկավարի) աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.
8.2.21. Ընկերության կողմից դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը կամ դրանցում մասնակցությունը.
8.2.22. ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (ընկերության ներքին փաստաթղթեր) ընդունումը (հաստատումը),
8.2.23. Ընկերության կողմից հոլդինգային ընկերությունների, առևտրային կազմակերպությունների այլ միությունների հիմնադրումը կամ դրանցում մասնակցությունը.
8.2.24. Կանոնադրությամբ և/կամ Օրենքով նախատեսված այլ որոշումների ընդունումը.
8.2.25. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշումների ընդունումը:
8.3. Ժողովի նախապատրաստման ընթացքում ժողովը գումարող անձինք, որոշում են`
ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամն ու վայրը.
բ) ժողովի օրակարգը.
գ) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
դ) ժողովի գումարման մասին մասնակիցներին ծանուցելու կարգը.
ե) մասնակիցներին ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը.
զ) քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով:
8.4. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը կազմավորվում է ժողովին մասնակցելու իրավունք ունեցող հետևյալ անձանցից՝
ա) Ընկերության մասնակիցները,
բ) Ընկերության տնօրենը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
գ) Ընկերության ներքին աուդիտի և ներքին վերահսկողության ստորաբաժանման անդամները՝ որպես դիտորդ.
դ) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձը՝ որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում).
8.5. Ընկերության ընդհանուր ժողովի նիստի ընթացքում ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող մասնակիցները ընտրում են ընդհանուր ժողովի նիստի նախագահ և քարտուղար:
8.6. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվում է Ընկերության մասնակիցների կողմից սահմանված տարվա, ամսվա,ամսաթվի դրությամբ՝ Ընկերության մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ժողով գումարելու մասին որոշման ընդունումը և ավելի ուշ, քան ժողովի գումարումից 60 օրից ավելի:
Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ։
Ընկերությունը պարտավոր է մասնակցի պահանջով 5-օրյա ժամկետում նրան տեղեկանք տրամադրել մասնակիցների ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում այդ մասնակցի ընդգրկված լինելու մասին:
8.7. Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների տարեկան ժողով: Ընկերության մասնակիցների հիմնադիր ժողովը համարվում է նրա առաջին տարեկան ժողովը:
8.8. Ընկերության մասնակիցների ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Ժողովի գումարման մասին ծանուցումը մասնակիցներին ուղարկվում է գումարումից առնվազն հինգ օր առաջ:
8.9. Ընկերության արտահերթ ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:
8.10. Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Ընկերության մասնակիցների սեփական նախաձեռնությամբ, Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանման, Ընկերության աուդիտն իրականացնող անձի, Ընկերության ներքին վերահսկողության ստորաբաժանման, Ընկերության ներքին վերահսկողությունն իրականացնող անձի, առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցի կամ տնօրենի պահանջով։ Արտահերթ ժողովի՝ հեռակա կարգով քվեարկությամբ գումարման մասին որոշմամբ պետք է սահմանվեն՝
ա) քվեաթերթիկի ձևն ու բովանդակությունը.
բ) Ընկերության մասնակիցներին՝ քվեաթերթիկները և բաժնետերերին տրամադրվող տեղեկությունները և նյութերը առաքելու տարին, ամիսը, ամսաթիվը.
գ) մասնակիցների կողմից լրացված քվեաթերթիկները Ընկերության կողմից ընդունելու վերջին ժամկետի տարին, ամիսը, ամսաթիվը։
8.11. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ կապի այլ միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում։ Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում։ Նման նիստի մասնակիցներին որոշումների վերաբերյալ արդյունքներն ուղարկվում են նիստի արձանագրությունը կազմելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում։
8.12. Ընկերության ընդհանուր տարեկան ժողովի, արտահերթ ընդհանուր ժողովների գումարման նախապատրաստումը, օրակարգի վերաբերյալ առաջարկությունները, մասնակիցների մասնակցության կարգը և ժողովի արձանագրությունները կազմակերպվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
8.13. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի քննարկել և որոշումներ ընդունել նաև Օրենքով ու Կանոնադրությամբ մասնակիցների ընդհանուր ժողովի իրավասությանը պատկանող ցանկացած հարցի շուրջ:
8.14. Մասնակիցների ընդհանուր ժողովը իրավասու է (քվորում ունի), եթե նրա աշխատանքներին մասնակցում են (ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահի դրությամբ) մասնակիցների 50% տնօրինող մասնակիցներ, բացի Օրենքով և Կանոնադրությամբ սահմանված դեպքերից:
8.15. Քվորումի բացակայության դեպքում գումարվում է նոր ժողով, որը իրավասու է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են (ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահի դրությամբ) Ընկերության ձայնի իրավունք տվող մասնակիցների 30% տնօրինող մասնակիցներ, բացի Օրենքով և Կանոնադրությամբ սահմանված դեպքերից:
8.16. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող մասնակիցների սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Օրենքով և Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
8.17. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկությունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները պետք է հաղորդվեն Ընկերության մասնակիցներին (ըստ պահանջի) 45 օրվա ընթացքում:
8.18. մասնակիցն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել Օրենքի, այլ իրավական ակտերի և Ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը, եթե նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել, և այդ որոշմամբ խախտվել են նրա օրինական շահերը և իրավունքները: Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը, եթե մասնակիցների քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, թույլ տված խախտումները էական չեն և որոշումը վնաս չի պատճառել բաժնետիրոջը:
8.19. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ժողովի գումարման՝ հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով): Տարեկան ժողովը, ինչպես նաև Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի ժբ) ենթակետով սահմանված դեպքում հրավիրված արտահերթ ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով:
8.19.1 Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանող քվեաթերթիկների օգտագործմամբ։
8.19.2 Հեռակա կարգով քվեարկության դեպքում քվեաթերթիկները, ինչպես նաև մասնակիցներին տրամադրվող տեղեկություններն ու նյութերը պետք է ուղարկվեն մասնակիցներին՝ լրացված քվեաթերթիկների ընդունումը Ընկերության կողմից ավարտելու պահից առնվազն 30 օր առաջ։
8.19.3 Հեռակա կարգով կատարված քվեարկության արդյունքներն ամփոփվում են և ուղարկվում մասնակիցներին՝ մասնակիցների կողմից լրացված քվեաթերթիկները Ընկերության կողմից ընդունելու վերջին ժամկետի ավարտից հետո 15 օրվա ընթացքում։
8.20. Ընկերության մասնակիցների ընդհանուր տարեկան ժողովի, արտահերթ ընդհանուր ժողովների գումարման նախապատրաստումը, օրակարգի վերաբերյալ առաջարկությունները, մասնակիցների մասնակցության կարգը, քվեարկությունը և ժողովի արձանագրությունները սույն Կանոնադրությամբ չկարգավորված մասով կազմակերպվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ

9.1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ընկերության տնօրենը:
9.2. տնօրենը լուծում է բոլոր հարցերը, բացի Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի իրավասություն հանդիսացող հարցերից: Տնօրենը կազմակերպում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումների կատարումը, հաշվետու է վերջինիս և իրավունք չունի Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի համար պարտադիր որոշումներ կայացնելու:
9.3. Ընկերության Տնօրենը պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ՝ ի շահ իր կողմից ներկայացվող Ընկերության:
9.4. Ընկերության տնօրենը՝
9.4.1. տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Ընկերության անունից.
9.4.2. ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
9.4.3. գործում է առանց լիազորագրի.
9.4.4. տալիս է լիազորագրեր.
9.4.5. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
9.4.6. բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
9.4.7. Ժողովին է ներկայացնում Ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
9.4.8. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9.4.9. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.
9.4.10. աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
9.5. Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության տնօրենի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):

10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ. ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ (ԱՆԿԱԽ) ԱՈՒԴԻՏ

10.1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնում են Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանումը և Ընկերության անկախ աուդիտ իրականացնող անձը:
10.2. Ներքին աուդիտի ստորաբաժանման լիազորությունները և պարտականությունները սահմանվում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան ընդունված Ընկերության ներքին իրավական ակտերով:
10.3. Ընկերության ընդհանուր ժողովը որոշում է ներքին աուդիտի ստորաբաժանման կազմը, ներքին աուդիտորների քանակը, նշանակում է Ընկերության ներքին աուդիտի անդամներին (անդամին) և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին:
10.4. Ներքին աուդիտի անդամները իրենց գործառույթները իրականացնում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան ընդունված Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
10.5. Ընկերության ամենամյա ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար Ընկերությունը պարտավոր է ՀՀ օրենսդրությանը և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան ներգրավել Ընկերության կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ աուդիտորի (արտաքին աուդիտ):

11. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.1. ՀՀ տարածքում և նրանից դուրս Ընկերությունը կարող է «Արժեթղթերի շուկայի մասին»ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և հիմնել ներկայացուցչություններ, որոնց գործունեությունը կարգավորվում է ՀՀ իրավական ակտերին համապատասխան ընդունված՝ Ընկերության ներքին իրավական ակտերով:
11.2. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության կողմից հաստատված կանոնադրությունների հիման վրա:
11.3. Ընկերության մասնաճյուղ է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը, ներառյալ` ներկայացուցչական գործառույթները:
11.4. Ընկերության ներկայացուցչություն է համարվում Ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է Ընկերության շահերն ու իրականացնում դրանց պաշտպանությունը:

12. ԴՈՒՍՏՐ ԵՎ ԿԱԽՅԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12.1. Ընկերությունն իրավունք ունի ունենալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր և կախյալ տնտեսական ընկերություններ ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս:
12.2. Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ մասնակցությունը կատարվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
12.3. Ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) ընկերություն կամ ընկերակցություն նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան կամ այլ` օրենքով չարգելված ձևով հնարավորություն ունի կանխորոշել այդ ընկերության որոշումները:
12.4. Ընկերությունը մեկ այլ (հիմնական) ընկերության կամ ընկերակցության նկատմամբ համարվում է կախյալ, եթե մյուս (գերակշռող, մասնակցող) ընկերությունը կամ ընկերակցությունն ունի այդ ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 20 տոկոսը:
12.5. Ընկերությունը պարտավոր է oրենքով uահմանված կարգով տեղեկություններ հրապարակել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաբաժինը ավելի քան քսան տոկոսը ձեռք բերելու մասին:
Պատասխանատվություն.
12.6. Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության (ընկերակցության) պարտավորությունների համար:
12.7. Հիմնական ընկերությունը (ընկերակցությունը), որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար:
12.8. Դուստր ընկերության բաժնետերերը (մասնակիցները) իրավունք ունեն հիմնական ընկերությունից (ընկերակցությունից) պահանջել հատուցելու վերջինիս մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները:
12.9. Վնասները համարվում են պատճառված հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:
12.10. Հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը համարվում է առաջացած հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:

13. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

13.1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, ինչպես նաև Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատելը տեղի է ունենում Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ: Կանոնադրության փոփոխությունները ուժի մեջ են մտնում պաետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրանցելու պահից:
13.2. Մասնաճյուղի և/կամ ներկայացուցչության ստեղծման կամ գործունեության դադարեցման հետ կապված տեղեկությունները մտցվում են Ընկերության կանոնադրության մեջ:

14. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

14.1. Ընկերությունը լուծարվում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով և Օրենքով սահմանված դեպքերում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով և պահանջներին համապատասխան:
14.2. Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը կայացնում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը:
14.3. Նախքան լուծարման մասին որոշում ընդունելն Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը պետք է հաստատի Ընկերության տնօրենի կողմից ներկայացված ամփոփիչ հաշվեկշիռը և Ընկերության լուծարման նախագիծը: Ընկերությունը կարող է վերակազմակերպվել բացառապես մեկ այլ ներդրումային ընկերությանը միանալու կամ վերակազմավորվելու ձևով՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի և օրենքի: